Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է Վեհափառին. «Փաշինյանը պարտվելու է եկեղեցուն հայտարարած պատերազմում»


Ամենայն Հայոց կաթողիկոսը այսօր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տուն է գնացել: Վարչապետ Փաշինյանի հռչակած հակակաթողիկոսական արշավի այս 27 օրերի ընթացքում սա երկրորդ հանդիպումն է: Զրուցել են մեկ ժամ: Կարճ հաղորդագրություն առաջին նախագահի խոսնակն է տարածել:

«Հայաստանի ներկայիս իրավիճակի գնահատականից բացի, անդրադարձ է կատարվել նաև Սամվել Կարապետյանի նկատմամբ Փաշինյանի կողմից սանձազերծված հաշվեհարդարին, ինչի առիթը Եկեղեցու դեմ իշխանությունների հայտարարած պատերազմի համատեքստում վերջինիս արած հետևյալ հայտարարությունն է. «Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»: Խոսք, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ սովորական քաղաքական հայտարարություն, ինչի իրավունքը, որպես Հայաստանի քաղաքացի, նա ունի», - ասված է հաղորդագրությունում:

Տեր-Պետրոսյանի գնահատմամբ՝ Փաշինյանը պարտության մարմնավորում է և պարտվելու է նաև եկեղեցուն հայտարարած պատերազմում:

Թե՛ վարչապետն ու թե՛ նրա թիմակիցներն անընդհատ պնդում են եկեղեցին չէ իրենց թիրախում, այլ՝ այդ ինստիտուտը պղծող հոգևորականները: Իրենք հենց եկեղեցին մաքրելու գործն են ձեռնարկել:

Ինչպես են ծրագրում փոխել կաթողիկոսին

Վառնայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ տեր Արմեն քահանա Մելքոնյանն «Ազատության» հետ զրույցում ասաց. - «Առաջին օրը, որ ես այդ հայտարարությունը տեսա, տակավին վարչապետի մելանը չչորացած՝ արդեն ես դիմումնագիրը գրեցի, որովհետև ես վաղուց հավատում եմ, որ մի օր այսպիսի մի շարժում եթե տեղի չունենա, որպեսզի մենք կարողանանք մեր եկեղեցին մաքրագործել, կյանքում անհատական չափանիշներով կամ անհատական ուժերով չենք կարողանալու դա անել»:

Ամիսներ առաջ Մայր Աթոռը կարգալույծ է հռչակել Վառնայի հայկական եկեղեցու հոգևոր հովվին, տեր Արմեն քահանա Մելքոնյանը, սակայն, շարունակում է պաշտոնավարել՝ իր խոսքով՝ տեղի հայ համայնքի ու թեմական խորհրդի ցանկությամբ: Քահանան առաջինն է դիմել Փաշինյանին կաթողիկոսի փոփոխության համակարգող խորհրդում ընդգրկվելու համար, արդեն զրուցել են վարչապետն ու ինքը, բայց մանրամասներ չի ասի:

Քահանան բացատրեց, թե ինչպես են ծրագրում փոխել կաթողիկոսին. նախ Ազգային-եկեղեցական ժողով կհրավիրեն՝ հենց իրենք. - «Մենք՝ որպես այս ազգի զավակները, այս եկեղեցվո զավակները, մենք հետևաբար նեկայացնում ենք Ազգային-եկեղեցական այս ժողովը, և մենք ի զորու ենք, երբ որ կունենանք մեր ժողովրդի հավանությունը, գործընթացը սկսել և հասնենք այդ նպատակին: Շատ հեշտ է, այդքան բարդ չէ»:

Հայ Առաքելական եկեղեցու կանոններով՝ եկեղեցական ժողովն է այդ հարցերով զբաղվում, իսկ այդ ժողովը կա՛մ կաթողիկոսը պիտի հրավիրի, կա՛մ եպիսկոպոսները: Քահանան, սակայն, այստեղ խնդիր չի տեսնում, որովհետև, ըստ նրա, եկեղեցին ժողովուրդն է: Ստացվում է՝ վարչապետի գլխավորությամբ Ազգային-եկեղեցական այլընտրանքային ժողով է հրավիրվելու, հետո՞:

«Նախ տեղապահ պիտի լինի, այդ տեղապահը պիտի պատրաստի ադ ընտրությունները, այդ տեղապահը կարող է զբաղեցնել այդ կաթողիկոսի, ասենք, իշխանությունը կամ պաշտոնը մեկ տարի, երկու տարի, երեք տարի, որովհետև ես կարծում եմ, որ այս համակարգը այս 30 տարվա մեջ փչացավ», - նշեց Արմեն քահանա Մելքոնյանը:

Տեղապահ ընտրվում է, երբ կաթողիկոսը գահից հրաժարվում է կամ վախճանվում, երկուսն էլ տեղի չի ունեցել, ինչպե՞ս է տեղապահ նշանակվելու, եթե կաթողիկոսը Վեհարանում է:

«Մեզ համար թափուրի հաշվով, ուղղակի քայլող դիակ է, ինքը էլ չի մնա: Երբ որ այդ ամեն ինչը կազմակերպվի, և երբ որ որոշի տեղապահը, երբ որ որոշվի մարմինը, երբ որ ազգը, Ազգային-եկեղեցական ժողով կոչվածը, երբ որ ինքը որոշի այդ հարցը, այլևս իրենց կմնա միայն, որ իրենք հեռանան այդ աթոռից», - նշեց քահանան:

Իսկ ո՞վ կարող է տեղապահ լինել. ըստ Արմեն քահանա Մելքոնյանի՝ ոչ մի պայման չկա, որ եպիսկոպոս լինի, կուսակրոն լինի, նույնիսկ կարող է մինչև այդ ընտրությունը հոգևորական չլինել. - «Կարող է նույնիսկ աշխարհական լինի, որ հրավիրվի հոգևորական լինելու և զբաղեցնելու այդ պաշտոնը»:

Քահանան չի կարծում, որ սրանով կստացվի՝ Հայաստանի վարչապետն է իր իսկ ձևավորած համակարգող խորհրդով կաթողիկոս ընտրում: Այդ խորհուրդն ինքը չի նախագահի, պնդում է. - «Ինքը միջոցն է, ինքը պարզապես միջոցն է, որպեսզի այս գործընթացը առաջ գնա»:

Վտանգավոր քայլ է ձեռնարկել Փաշինյանը, ըստ քահանայի, բայց վստահ է՝ վարչապետը ունի ծրագիր. - «Ինքը օդից չի խոսում վարչապետը, եթե ինչ-որ մի ծրագիր չկա, մշակված բան չկա, հո սենց չե՞նք փակելու Էջմիածնի դռները և ասենք, որ վերջ, մենք հիմա չունենք միաբանություն»:

Արմեն քահանա Մելքոնյանը 2018-ին էլ ակտիվ էր, երբ նախաձեռնվել էր «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումը, ասում է՝ այդ ժամանակ ջանքերն անհատական էին, ոչինչ չստացվեց, այժմ, երբ երկրի ղեկավարն է կաթողիկոսին գահից իջեցնելու գործը սկսել, անհույս չէ: Ի դեպ՝ պատմում է, որ այն ժամանակ Մայր Աթոռի հինգ եպիսկոպոսներ պատրաստ էին միանալ իրենց, բայց բանը դրան չհասավ:

Այսօր առայժմ Մայր Աթոռի միաբանները, տարբեր թեմեր իրենց աջակցությունն են հայտնում Գարեգին Երկրորդին, շարքերում առայժմ ընդվզող քահանաներ էլ չկան:

Պոլսո Պատրիարքարանը բացատրում է՝ ինչու վարչապետի հետ հանդիպմանը Պատրիարքարանից մասնակցող չկար

Անցած շաբաթ, երբ վարչապետ Փաշինյանը Ստամբուլում էր, Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանից նրա հետ հանդիպմանը մասնակցող չկար, աթոռանիստ եկեղեցում դիմավորող չկար: Պոլսո Պատրիարքարանն այսօր բացատրել է, թե ինչու՝ եղածը բնորոշելով արդար հակազդեցություն. աշխարհի հայերի մեծ մասը Առաքելական եկեղեցու հետևորդներ են, իսկ Հայաստանի վարչապետը հայհոյախառն ու գրգռիչ ոճով է խոսում եկեղեցու դեմ, կաթողիկոսին է պարսավում, գրել են.

«Պատրիարքական Աթոռս յարմար դատած է իր արդար հակազդեցութիւնը ցոյց տալ Մեծայարգ Պարոն Վարչապետին եւ ցոլացնել, թէ առկայ ձգտեալ վիճակը ո՛չ միայն Հայաստանի, այլեւ սփիւռքի մէջ եւս յառաջացուցած է բացասական մթնոլորտ եւ դժգոհութեան հոսանք։ Այլապէս, ինչպէս անցեալ շուրջ 35 տարիներուն, այսօր ալ Պատրիարքական Աթոռս բոլորանուէր ձեւով կը խրախուսէ Թուրքիա-Հայաստան յարաբերութիւններու բնականոնացման գործընթացը»:

Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքությունը Հայաստանի վարչապետին դիմում է «վսեմաշուք», «մեծահարգ» բառերով, մաղթում, որ օր առաջ համերաշխություն հաստաատվի, խոստանում են՝ այդ ժամանակ ոչ միայն Պատրիարքական աթոռի, այլև եկեղեցու աշխարհասփյուռ զավակների սրտի դռները կբացվեն վարչապետի առջև:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG