Վարչապետ Փաշինյանը հակակաթողիկոսական արշավում այսօր արդեն ննջարանային ոլորտի գրառումներ է արել, նաև ընդլայնել է այն հոգևորականների շրջանակը, որոնց սովորաբար վատ բառերով է բնորոշում։ Մինչդեռ երեկ երեկոյան Նիկոլ Փաշինյանը ամեն օր ծնկի եկող ու աղոթող հավատացյալ էր, ծոմ ու պահք պահող։
«Ես Հայ Առաքելական եկեղեցու հավատարիմ հետևորդ եմ, ով խանդաղատանքով է վերաբերվում մեր յուրաքանչյուր եկեղեցու յուրաքանչյուր քարի, սրտի տրոփյունով է լսում մեր սուրբ պատարագի ելևէջներն ու ուղերձները, 35 տարի շարունակ ամեն օր Աստծո առաջ ծնկի է գալիս և աղոթում, ժամանակ առ ժամանակ ծոմապահության և պահեցողության մեջ է լինում, և ասում եմ՝ չենք կարող թույլ տալ, որ մեր ազգային բարոյականության էպիկենտրոնի նեխումը շարունակվի», - գրել է նա։
Եկեղեցու հետևորդ Փաշինյանը Զատիկ է հռչակում ամռանը, հավատավորներին ու բարեպաշտ հոգևորականներին առաջարկում է զատվել ուխտադավ հոգևորականներից։ Նա հորդորում է թե՛ քաղաքացիներին, թե՛ հոգևորականներին բարձրաձայնել, որ Վեհարանը պիտի ազատվի։ Արդեն հայտնի է, որ Նիկոլ Փաշինյանը կաթողիկոսի փոփոխության համակարգող խմբի ձևավորման փուլին է հասել, հանդիպում է խմբի պոտենցիալ անդամների հետ։ Նրա խոսնակն այս թեմայով մեր հարցերը անպատասխան է թողնում։ Վարչապետն ինքը այս շարժման գլխավոր կոչն ու կարգախոսը արդեն ունի. «Կտրիճ Ներսիսյանին հորդորում եմ րոպե առաջ հեռանալ Վեհարանից։ Վեհարանը վեհի՛»։
Բայց իշխանությունն առայժմ չի բացահայտում, թե ինչպես են հասնելու կաթողիկոսի փոփոխությանը, եթե այդ բանն անել կարող են միայն Մայր Աթոռի ներսում։
«Հարց լուծողը Եկեղեցական ժողովն է որպես բարձրագույն մարմին, որը կամ պետք է հրավիրի կաթողիկոսը, կամ էլ եպիսկոպոսների մեկ երրորդը, մարդը ո՞նց կարա ժողով հրավիրի, որ իր դեմ է խոսելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց նախկին կուսակրոն աբեղան, որը ներկայանալ չցանկացավ:
Նա, սակայն, Մայր Աթոռում պաշտոն է զբաղեցրել և լավատեղյակ է հոգևոր ու ոչ այնքան հոգևոր անցուդարձին։ Թեպետ իշխանականները պնդում են, որ էջմիածնականներն իրենց շարքերում ընդվզողներ ունեն, սակայն նա բացառում է, որ որևէ եպիսկոպոս Վեհափառի դեմ դուրս կգա։ Հատկապես, որ ըստ նախկին աբեղայի՝ Մայր Աթոռի կուսակրոն հոգևորականները այդ խնդրահարույց ուխտը համատարած խախտում են։
Նախկին կուսակրոն աբեղան կուսակրոնության ուխտ պահելն անտրամաբանական է համարում։ Բացատրում է՝ դա ներմուծվել է վանական կյանքով ապրողների համար, բնակավայրերից հեռու վանքերում փակված տղամարդիկ կարող էին՝ շանս ունեին կուսակրոն մնալու, բայց այժմ Հայաստանում վանական կյանքով ապրողներ չկան, ուստի կուսակրոնության ուխտը անիմաստ ու անհնար է պահել՝ «Ազատության» զրուցակցի պնդմամբ։
Նա կարծում է՝ Եկեղեցին պիտի վանական կյանքին հրաժեշտ տալով, կուսակրոնության պարտադիր պայմանին էլ հրաժեշտ տար, վերադառնար այն կանոնին, երբ հայ կաթողիկոսներն ամուսնացյալ էին։ Բայց ըստ նախկին հոգևորականի՝ Էջմիածնում համարձակություն չեն ունեցել և այժմ թակարդում են հայտնվել մի ուխտի, որը անհնար է պահել։
«Մարդիկ թող ամուսնանան, ընտանիք ունենան, ոչ առողջական խնդիր ունենան, ոչ էլ խայտառակվեն», - նշեց նա:
Ներքին այս հարցը, եթե ավելի վաղ լուծեին, այժմ հանրային այս աղմուկը չէր լինի։ Նախկին հոգևորականը, սակայն, վստահ է՝ Նիկոլ Փաշինյանի արշավը հենց հիմա քաղաքական է, ոչ թե հոգևոր։
Ամենայն Հայոց կաթողիկոսը հեռանալու նշաններ ցույց չի տվել, եպիսկոպոսակաց դասից բարձրաձայն ընդվզող չի եղել։ Վերջին կոչն Էջմիածնից երեկ էր՝ «հայրենի՛ երկրի իշխանություններ, դադարեցրեք հարձակումները»։
Մանրամասն՝ «Ազատության» ռեպորտաժում.