Քննչական կոմիտեն նոր հաղորդագրություն տարածեց, նշելով, որ «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվել են ավելի քան 9 տասնյակ խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են նշված հանցագործություններին առնչվող, նախաքննությամբ ձեռք բերված տվյալները հաստատող առարկաներ և փաստաթղթեր:
Ընդորում, հրապարակված փաստաթղթերից մեկում հանրությանը ծանոթ անձանց անուն-ազգանուններ են՝ իրենց պաշտոններով: Դրանցից մեկը Ռուբ. Մելիքյան անունն է, որի տակ նշված է՝ արդարադատության նախարար:
Մենք զանգահարեցինք իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին, նա տեղյակ էլ չէր, որ նման փաստաթուղթ է հրապարակվել: Ամեն դեպքում, ակտիվ իրավապաշտպան գործունեություն իրականացնող և ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց շահերը պաշտպանող Մելիքյանը պնդեց՝ իրեն ճանաչողները գիտեն, որ ինքը որևէ պաշտոնի ձգտում չունի, և երբ նույնիսկ իր հետ նման խոսակցություն փորձում են ծավալել, ինքը դադարեցնում այդ քննարկումները, դրանք անընդունելի համարելով:
«Ազատության» հարցին՝ ունի՞ մտավախություն, որ գուցե ինքն էլ բերման ենթարկվի կամ ձերբակալվի, Ռուբեն Մելիքյանը պատասխանեց. - «Ես ցանկացած ռեպրեսիայի պատրաստ եմ, համարում եմ, որ այս իշխանությունների կողմից հետապնդվելը մեծ երանություն է թե՛ որպես հայ, թե՛ որպես քրիստոնյան, թե՛ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի»