Մատչելիության հղումներ

ՔԿ-ի տարածած ձայնագրություններին իշխանական և ընդդիմադիր պատգամավորները տարբեր կերպ են արձագանքում


Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Գեղամ Մանուկյանն ասաց՝ չի լսել Քննչական կոմիտեի այսօր առավոտյան տարածած ձայնագրությունները, որոնցում, ըստ կոմիտեի, «Սրբազան պայքար» շարժման ղեկավարներն ու մասնակիցներն են: Պատգամավորն ասաց՝ ցանկություն էլ չունի լսելու, դրանք համարում է կեղծիք:

«Երեկվա էդ Պլան անունով, իբր, փաստաթղթի հրապարակման նման ամեն ինչ էլ կարելի է մոգոնել, հատկապես էս իշխանությունները դրա փայլուն մասնագետն են ու այս տարիների ընթացքում այնքան նման կեղծիքներ են հրապարակվել: Երկրորդը՝ ձայնագրությունները նախաքննական մարմինն ասում է՝ գաղտնիք է, բայց ձայնագրություններն իր սիրելի, սրտի վարչապետի ֆեյսբուքյան էջով շարվեշարան գնում են: Իրականում այս ամբողջը նույն վախի մթնոլորտի արդյունքում իշխանությունների կողմից արդեն բացահայտ, եթե նախկինում իշխանությունը փորձում էր գաղտնի կերպով հանձնարարական տալ իշխանականներին, հիմա Ֆեյսբուքով են հանձնարարականները հնչում, ուղղակի քաղաքական հետապնդումների արդյունք է», - ասաց Մանուկյանը:

Հրապարակված ձայնագրությունները չի լսել նաև ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Ասում է՝ դրանք դեռ պետք է փորձաքննության ենթարկվեն, իսկ մարդիկ, որ ձերբակալվել են, վաղուց են թիրախում:

«Չեմ կարծում, որ Բագրատ սրբազանի ճանապարհում ահաբեկչության կամ դրան նմանվող ինչ-որ նախաձեռնություններ են եղել: Ե՛վ 2024 թվականին, և՛ 25 թվականին համենայն դեպս իր խոսքը հնչեցվող ու նաև իր հանդիպումները իմ մոտ այլ տպավորություն երբևէ չենք էլ ստեղծել», - ասաց Աբրահամյանը:

Ձայնագրություններում հնչում է նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր, երկրորդ նախագահի որդու՝ Լևոն Քոչարյանի անունը: Ինքը Քոչարյանն ասում է՝ Բագրատ սրբազան Գալստանյանն իր հետ հանդիպումներում չի հնչել որևէ ձևակերպում, որ խնդիր կունենար Քրեական օրենսգրքի հետ:

«Ես նրանից չեմ լսել որևէ բան, որը նա խի ասել հրապարակային հարցազրույցների ընթացքում: Ինչ վերաբերում է առհասարակ ձայնագրություններին, ամբողջությամբ չեմ լսել դրանք, բայց իրավապահների վերջին 7 տարիների գործունեությունը շատ մեծ կասկածի տեղիք են տալիս ընդհանրապես դրանց իսկության, մոնտաժված լինելու, այստեղից, այնտեղից որևէ հատվածներ իրար կպցնելու ու նման տպավորություն ստեղծելու մասով: Ես լուրջ կասկածներ ունեմ, որ այս դեպքում էլ այդ ձայնագրությունները ավելի շատ վախ սերմանելու համար են, ընդդիմադիր որևէ գործողություն արժեզրկելու համար է արվում», - նշեց Լևոն Քոչարյանը

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Վահագն Ալեքսանյանը վստահ է՝ ձայնագրությունն իրական է, այնտեղ հնչած յուրաքանչյուր բառի համար, ասում է, դրա հեղինակները պետք է պատասխանատվություն կրեն:

«Փաստորեն Հայաստանի Հանրապետությունում ինչ-որ մի խմբավորում վերապահել է «Ալքաիդա»-ի դերը, տեռորիստական գործողություն է պատրաստվել իրականացնել Հայաստանի Հանրապետության դեմ, ինչը չափազանց հատկանշական է անմեղ քաղաքացիների դեմ, որովհետև եթե լսեք ձայնագրությունը, կտորներ կան ուղղակի սահմռկեցուցիչ, ավտոբուսների վրա յուղ լցնել դրանք վառելու նպատակով, պաժառներ տալ, խանութներ ջարդել, անմեղ մարդկանց: Անմեղ մարդկանց զոհելու գնով սեփական աթոռային մոլուցքը բավարարելու ջանքերով», - ասաց Ալեքսանյանը:

Ավելի մանրամասն «Ազատության» ռեպորտաժում.




XS
SM
MD
LG