Ռուսաստանահայ միլիարդատեր Սամվել Կարապետյանի հայտարարությունից ուղիղ մեկ շաբաթ անց Հայաստանի վարչապետը հայտարարում է՝ ՀԷՑ-ի պետականացման պլանը պատրաստ է։
«Շատ շուտով կմտնենք գործնական փուլ, պրոցեսները տեղի կունենան Հայաստանի օրենսդրությանը համապատասխան», - ֆեյսբուքյան կարճ գրառմամբ տեղեկացրել է Նիկոլ Փաշինյանը։
Թե ինչ ծրագրի մասին է խոսքը, որ գերատեսչությունն է այն մշակել, և ինչպես է կառավարությունը Կարապետյանից վերցնելու բաշխիչ ցանցերը, վարչապետը ոչ մի մանրամասն չի հայտնել։ Մանրամասներ փորձեցինք ճշտել վարչապետի աշխատակազմից, բայց Նիկոլ Փաշինյանի խոսնակը զանգերին չպատասխանեց։ Կապ հաստատել չհաջողվեց նաև խորհրդարանի իրավասու հանձնաժողովների նախագահների հետ։ Իշխանական խմբակցությունից Հասմիկ Հակոբյանը միայն պարզաբանեց՝ խոսքը օրենսդրական նախաձեռնության մասին է, որով ՀԷՑ-ը կանցնի կառավարությանը։
«Նախագիծը դեռևս ֆրակցիայով չի շրջանառվել, և առաջիկայում քննարկումների արդյունքում կկարողանանք արդեն ունենալ այնպիսի կարծիք, որը կարող ենք կիսել նաև լրատվամիջոցների հետ, բայց օրինական ճանապարհով գնալ է նշանակում պլանը: Ֆրակցիայի շատ անդամներ, բնականաբար, մասնակցություն ունեցել են այդ նախագծի ստեղծմանը, և բնականաբար առաջիկայում նաև ամբողջ ֆրակցիան կունենա դա քննարկելու հնարավորություն, ապա նաև կներկայացվի նախագիծ, ինչպես արվում է ցանկացած նախագծի դեպքում», - ասաց նա:
Կառավարության ղեկավարը ՀԷՑ-ը պետականացնելու մասին հայտարարեց, երբ անցած շաբաթ «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը խոսեց եկեղեցու դեմ հարձակումները կանխելու գործում իր հնարավոր մասնակցության մասին։ Նիկոլ Փաշինյանը գրեթե նույն ժամերին Ֆեյսբուքում կարծիք էր հայտնել, թե «Հայաստանի էլեկտրական ցանցերը» պետականացնելու պահը հասունացել է։ Մեկ ժամ էլ չանցած Փաշինյանն արդեն պնդել էր՝ գնալու են հենց այդ ճանապարհով։ Ավելին՝ անգամ հայտարարել էր, թե Ազգային ժողովում այդպիսի նախագիծ է շրջանառվում, ինչն անգամ իր թիմակիցներին էր զարմացրել։
Չնայած այս թնջուկին՝ անցած շաբաթավերջին ոլորտը համակարգող տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը ևս «Ազատությանն» ասել էր՝ պետականացման գործընթացից «հետ քայլ չեն անելու», բայց կրկին առանց մանրամասնելու, թե որ կառույցն է մշակում Սամվել Կարապետյանի սեփականությունը վերցնելու ծրագիրը։
Քաղաքացիական օրենսգրքով քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականության պետականացումը կատարվում է օրենքի հիման վրա. սեփականության իրավունքը դադարեցնող օրենքն ընդունելու դեպքում դրա հետևանքով սեփականատիրոջը պատճառված վնասները, այդ թվում՝ գույքային արժեքը, հատուցում է պետությունը, իսկ վնասների հատուցման մասին վեճերը լուծում է դատարանը։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանի կարծիքով՝ կառավարությունը Կարապետյանից բիզնեսը կխլի առանց փոխհատուցելու. «Եթե այս կառավարությունը, ենթադրում եմ, որ այդ փոխհատուցումը չի տրամադրելու, այլ, ենթադրենք՝ այլ ենթադրյալ խախտումների դիմաց հաշվանցում են անելու և գումար չտա, ապա դա իր հերթին բավականին լուրջ, նոր դատական արբիտրաժային վեճեր է ստեղծելու Հայաստանի կառավարության համար: Մենք արդեն նման փորձ ունենք, դրա վառ ապացույցը ԶՊՄԿ-ն է»:
Այս գործընթացն, ըստ տնտեսագետի, ունի բացառապես քաղաքական ու անձնական շարժառիթ, որը մեծ հարված կհասցնի Հայաստանի էներգետիկ համակարգին:
ՔՊ-ականները պնդում են, թե ՀԷՑ-ի առաջացրած խնդիրներն արդեն մի քանի ամիս է՝ իրենց ուշադրության կենտրոնում են և Սամվել Կարապետյանի հայտարարության հետ կապ չունի: Մինչդեռ նախկինում իշխանականները բաշխիչ ցանցերի հետևանքով առաջացած խնդիրներից խոսել են՝ հերքելով լուրերը, թե իրենք ընկերությունը Կարապետյանից խլելու մտադրություն ունեն: