«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է։ Շատ շուտով կմտնենք գործնական փուլ», - իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը հավելել է՝ «պրոցեսները տեղի կունենան Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան»։
ՀԷՑ-ը պետականացնելու մասին Հայաստանի վարչապետը խոսեց անցած շաբաթ, երբ ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը հայտարարեց, թե անհրաժեշտության դեպքում «իրենց ձևերով կմասնակցեն Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումները կանխելու գործընթացին»:
Այս հայտարարությունից ժամեր անց իրավապահները գործարարի առանձնատունը խուզարկեցին, իսկ հետո նրան կալանավորեցին: Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները նույն ժամերին հայտարարեցին՝ պետականացնելու են ՀԷՑ-ը: Իշխանականները պնդում են, թե դա կապ չունի Կարապետյանի աղմկահարույց հայտարարության հետ, պատճառը քաղաքացիների դժգոհություններին լուծում տալն է:
«Տաշիր գրուպ»-ի սեփականատերը ՀԷՑ-ը գնել է տասը տարի առաջ: Ընկերությունը սպասարկում է ավելի քան մեկ միլիոն սպառողի: