Գլխավոր դատախազությունը Civic.am-ի՝ «Ընդդիմության հեղաշրջման պլանը» վերնագրով հրապարակումն ուղարկել է Քննչական կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» լրատվամիջոցը՝ Civic.am-ը ժամեր առաջ հրապարակել է մի փաստաթուղթ, որը ներկայացրել է որպես հեղաշրջման պլան: Դրանց կցված է նախկին նախագահներ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի և Վեհափառ հայրապետի կոլաժային լուսանկարը:
Civic.am-ը պնդել է, թե այդ փաստաթուղթը ընդդիմության ներսում իրենց վստահելի աղբյուրներն են փոխանցել:
Մասնավորապես, համաձայն հրապարակված լուսանկարների, Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու պլանը բաղկացած է 8 փուլից, այն ներառում է գաղտնի շրջան, ապա ներսից քայքայման, լուռ ճնշման, տագնապի ազդանշանի, շարժման, որոշիչ, նոր ուժի ձևավորման փուլեր: Ընդ որում, որոշիչ փուլը, այսինքն՝ շարժման գագաթնակետը, ըստ հրապարակված լուսանկարի, պետք է մեկնարկի սեպտեմբերի 20-ին և 21-ին՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Ըստ հրապարակված փաստաթղթի՝ իշխանափոխության կարգախոսն է՝ «Հեռացիր, որ ապրենք»:
Պլանում նաև նշվում է, թե անհրաժեշտ է համոզել նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին հասնել հաշտության և միասնական աջակցություն ապահովել:
Իշխանական լրատվամիջոցի կողմից այսօր հրապարակված պլանում նաև կա առանձին բաժին՝ «Մարդկային ռեսուրս» բաժնով, որտեղ հրապարակված են անուններ՝ դիմացը կոնկրետ մարդկանց թվաքանակով: Այսպես՝ Գագիկ Ծառուկյան՝ 15-20 հազար մարդ, Սամվել Կարապետյան՝ 5-8 հազար մարդ, Սամվել Ալեքսանյան՝ 5 հազար մարդ, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Դաշնակցության, արցախցիների, «Գազպրոմ»-ի և այլ կառույցների անվան դիմաց ոչ մի թիվ չկա:
Ի դեպ, Civic.am-ի կողմից հրապարակված այս պլանը րոպեներ անց հայտնվեց իշխանության տարբեր ներկայացուցիչների ֆեյսբուքյան էջերում: Այս պլանով կիսվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ գրելով. - «Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում»:
Փաշինյանից բացի պլանով կիսվեց նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը, գրելով. -
«Եթե որևէ մեկը իրեն գտավ այս պետական դավաճանության պլանում, նախ ցավակցում եմ, բայց նաև հորդորում եմ ապաշխարել: Ողորմելի եք։ Ցածր եք։ Պետական դավաճան եք։ Անհայրենիք եք։ Երկիր ծախող եք։ Օտարի ստրուկ եք։ Անբարոյական եք։ Պիղծ եք։ Արյուն ուրացող եք»:
Սերժ Սարգսյանի առաջնորդած «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը վստահ է` հրապարակված այդ պլանի հեղինակը հենց իշխանությունն է:
«Սա նշանակում է մի պարզ բան՝ Վահագն Ալեքսանյանը երեկ գիշերը չի քնել, նստել ա, լուրջ դեմքով կազմել ա էս փաստաթուղթը, ինքն իրանով տպել ա, հետո սկան ա արել, հետո դրել ա իրա Civic.am-ում ու հրապարակել: Սա ծիծաղալու ա պարզապես, ես ստեղ մեկնաբանելու բան չունեմ», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:
Մամիջանյանը չի բացառում, որ այս քայլին հետևեն նոր ձերբակալություններ . - «Հիմա կարող ա մի սենց հիմարությունով էլ էլի սկսի, ինչ-որ, իրավապահ համակարգի օգտագործումը, շինծու գործերի կարումը, մարդկանց փորձեն կալանավորել: Բայց իրանք տենց էլ չհասկացան, որ մեզ իրանց արշինով չափել պետք չի, մենք նման բաներից չենք վախենում»:
Հանրապետականը առաջիկայում խոստանում է տեսանելի գործողություններ
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի և Հանրապետականի իրական պլաններին, ապա, Հայկ Մամիջանյանի խոսքով, այս պահին Հանրապետականի նախաձեռնածը իմփիչմենթի գործընթացն է, որին չի միացել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության և ոչ մի պատգամավոր: Ի դեպ, իմփիչմենթից բացի, Հանրապետականն առաջիկայում խոստանում է նաև տեսանելի գործողություններ:
«Կոնկրետ գործողություններ հիմա պլանավորե՞լ եք, ծրագրե՞լ եք դուք՝ բացի իմփիչմենթից», - «Ազատության» այս հարցին ընդդիմադիր պատգամավորն արձագանքեց. - «Ես արդեն իսկ ասեցի՝ նախագահ Սարգսյանը ապրիլի 24-ին հայտարարել էր, որ առկա է ծրագիր փողոցային պայքարի, իսկ փողոցային պայքարը անվստահություն հայտնելու գործընթացի կարևորագույն բաղադրիչն է, առանց փողոցային պայքարի այդ գործընթացը պարզապես անհնար է»:
Հարցին էլ՝ դա ե՞րբ է մեկնարկելու, համընկնո՞ւմ են այն ժամկետների հետ, որոնք նշված են Civic.am-ի հրապարակած պլանում, Մամիջանյանը պատասխանեց. - «Ճիշտն ասած չեմ էլ նայել այդ ժամկետները, առաջինը նայեցի՝ մեկը սկսվում էր երեկվանից: Գիտե՞ք, փողոցային պայքարի իրականացումը ներառում է նաև ահռելի քանակությամբ ոչ տեսանելի աշխատանք՝ այսպես կոչված տնային աշխատանք: Հանրապետականը այդ գործընթացները արդեն իսկ իրականացրել է, ու վստահ եմ, որ մոտ ապագայում արդեն տեսանելի գործողությունների կանցնենք: Ժամկետներ չնշեմ, դրանք բացարձակ միատեսակ գործողություններ չեն, որոնք ենթադրում են բացառապես մեծ հանրահավաքներ, իրենք իրենց մեջ նաև ենթադրում են փոքրաթիվ մասնակիցներով ակցիաներ, որոնք շատ ավելի արդյունավետ են հաճախ լինում, քան մեծ հանրահավաքները, և այլն, և այլն, մանրամասներ չբացահայտեմ»:
Հարցին էլ՝ հրապարակված պլանի «Մարդկային ռեսուրսներ» բաժնում ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Դաշնակցության, արցախցիների, «Գազպրոմ»-ի և այլ կառույցների անվան դիմաց թվեր նշված չեն, ընդդիմադիր խմբակցության ղեկավարն արձագանքեց. - «Քնել ա երևի կեսից Վահագն Ալեքսանյանը»:
«Փաշինյանը հող է նախապատրաստում նոր ձերբակալությունների համար»
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» խմբակցությունում էլ կարծում են, որ իշխանության հրապարակած այս պլանը Նիկոլ Փաշինյանի վախերի հերթական դրսևորումն է:
Դաշնակցական պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ևս կարծում է, որ այս հրապարակմանը Փաշինյանի հրահագանգով հետևելու են նորանոր ձերբակալություններ:
«Ես չեմ կարծում, որ ընդդիմությունը կարար էդքան անորակ փաստաթուղթ կազմեր, այն էլ՝ հեղաշրջման պլան, դա Նիկոլ Փաշինյանի հերթական զառանցանքն ա ու իր վախերի արտացոլանքը: Իհարկե, նաև ակնհայտ ա, որ փորձում ա հող նախապատրաստի, իրեն ներկայացնի հալածյալի կերպարով՝ առաջիկայում նոր ձերբակալություններ սկսելու համար», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Սաղաթելյանը:
«Այսինքն, Դուք կարծում եք՝ սրանից հետո, այս պլանի հրապարակումից հետո լինելու են ընդդիմադիրների ձերբակալություննե՞ր, ինչ-որ գործե՞ր են հարուցվելու քրեական», - այս հարցին դաշնակցական պատգամավորն արձագանքեց. - «Կարծում եմ՝ դա ա նպատակը, որը ոչ մի արդյունք չի ունենալու, էլի, այսինքն՝ պետք ա ծիծաղել, անցնել առաջ: Դե ինչքա՞ն բռնի, ո՞ր մեկին բռնի»:
Գործարարներ Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Ալեքսանյանն առայժմ չեն արձագանքել հեղաշրջման պլանում իրենց հնարավոր ներգրավվածության մասին հրապարակմանը: