- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
Ուկրաինայում «չկա ոչ մի բելառուս զինվոր», «ոչ մի բելառուսական փամփուշտ», հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն` ի պատասխան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կոչին։
«Բելառուսի տարածքից պատերազմ չի ընթանում,- նշել է Լուկաշենկոն,- մենք օգնու՞մ ենք ռուսներին, իհարկե, օգնում ենք: Եթե նրանք մեզ դիմում են լուրջ վնասվածքներով, մենք նրանց բուժում ենք: Եվ ի՞նչ վատ բան կա դրանում», - հայտարարել է Լուկաշենկոն:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Twitter-ում այսօր տեղադրած գրառմամբ հայտնել է, որ Ուկրաինան Ռուսաստանի դեմ հայց է ներկայացնում Հաագայում տեղակայված ՄԱԿ-ի Միջազգային դատարան:
Զելենսկու փոխանցմամբ, Ուկրաինան պահանջում է, որ լսումները մեկնարկեն արդեն գալիք շաբաթվա ընթացքում:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան հայտարարել է, որ հետայսու իր երկիրը Կիևին կտրամադրի նախկինի համեմատությամբ «ավելի լուրջ զինատեսակներ»:
Նրա փոխանցմամբ` այսօր Պրահայում կառավարությունը պետք է հավանություն տա այդ զինատեսակներն Ուկրաինային տրամադրելու առաջարկին:
- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
Գերմանիան 3 ամսով փակում է երկինքը ռուսական ինքնաթիռների համար, հայտնում է երկրի տրանսպորտի նախարարությունը։
Շվեդիան նույնպես կփակի օդային տարածքը
Նման մտադրության մասին ավելի վաղ հայտնել էին Դանիան, Բելգիան և Իսլանդիան:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ զրուցել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Այլ մանրամասներ նա չի փոխանցել:
- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործողությունները սպառնում են Եվրոպայի անվտանգությանը, նա ցանկանում է վերստեղծել ռուսական կայսրությունը, Բունդեսթագում ելույթի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլերը։
- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններ կանցկացվեն Գոմելում։ Ուկրաինան համաձայնել է մասնակցել հանդիպմանը, հաստատում են ուկրաինական աղբյուրները։
Ուկրաինական կողմը կներկայացնի փոխարտգործնախարար Նիկոլայ Տոչիցկին
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանի բանակը նախագահ և գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի հրամանով այսօրվանից անցնում է ծառայության հատուկ ռեժիմի: Պուտինի խոսքով, նա այդ որոշումն է կայացրել, հաշվի առնելով Ռուսաստանի հասցեին Արևմուտքի ղեկավարների ագրեսիվ հայտարարությունները:
Շոյգուի և Գերասիմովի հետ զրույցում Պուտինը նաև նշել է, թե «արևմտյան երկրները Ռուսաստանի նկատմամբ անբարյացակամ գործողությունների են դիմում տնտեսական ասպարեզում»:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն այսօր ասել է, որ Եվրամիությունը որոշել է դադարեցնել Ռուսաստանի Կենտրոնական բանկի հետ բոլոր գործարքները և սառեցնել դրա ակտիվները: Այդ մասին նա ասել է այսօր Բրյուսելում տեղի ունեցած ասուլիսում:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն այսօր Բրյուսելում հայտնել է, որ Եվրոպական միությունը որոշել է ամբողջությամբ փակել օդային տարածքը Ռուսաստանի համար:
Եվրոպական հանձնաժողովի նախագահի փոխանցմամբ, պատժամիջոցը տարածվում է ռուսական բոլոր, այդ թվում` մասնավոր օդանավերի վրա: