- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Շաբաթ առավոտյան «Ռոյթերսի» թղթակիցը մեքենայով շրջել է Կիևի կենտրոնում և հաղորդում է, որ փողոցները գրեթե դատարկ են, շատ քիչ մեքենաներ ու մարդիկ կան։ Բնակիչները վախենում են ռուսական ուժերի ներխուժումից Ուկրաինայի մայրաքաղաք։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն այսօր առավոտյան ասել է, որ գիշերվա ընթացքում քաղաքում տեղի ունեցած մարտերի հետևանքով տասնյակ մարդիկ են վիրավորվել։
Կիևում կրկին տագնապի ազդանշաններ են հնչել
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը շաբաթ օրը հայտնել է, որ այս պահի դրությամբ ոչնչացվել է ռուսական ուժերի 14 օդանավ, 8 ուղղաթիռ, 102 տանկ, 536 ռազմական մեքենա, 15 հրետանային համակարգ և 3 հազար 500 զինվոր։ Ըստ հաղորդագրության՝ Ռուսաստանը լրացուցիչ ուժեր է տեղափոխում Ուկրաինային սահմանամերձ շրջաններ։
Պատերազմի երեք օրվա ընթացքում ռուսական կողմն իր կորուստների մասին պաշտոնապես ոչինչ չի հաղորդում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը այսօր ասել է, որ հարվածել են ուկրաինական զինուժի 821 օբյեկտների։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը Կիևից տեսանյութ է հրապարակել, հայտարարելով, որ Ուկրաինան կապիտուլյացիայի չի գնա։ «Մի հավատացեք ֆեյքերին։ Ես այստեղ եմ, մենք զենքը վայր չենք դնի, կպաշտպանենք մեր երկիրը, մեր արդարությունը, մեր հողը, մեր երեխաներին», - ասել է Զելենսկին։
Թվիթերի իր էջում տեղադրված տեսանյությում նա կանգնած է Կիևի կենտրոնում գտնվող նախագահի նստավայի դիմաց։
Ժողովրդին ուղղված մեկ այլ տեսաուղերձով Զելենսկին ասել է, որ անցած գիշերվա մարտերում ուկրաինական բանակը հետ է մղել ռուսական ուժերի հարձակումը և վերահսկում է մայրաքաղաքը։
Հայաստանը պատրաստ է ընդունել Ուկրաինայից հայերին, ինչպես նաև այլ փախստականների, հայտնում է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը: ԱԳՆ-ն հիշեցնում է, որ ՀՀ այն քաղաքացիների համար, որոնք Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների հետևանքով մտադիր են Հայաստան վերադառնալ՝ հատելով Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Մոլդովայի սահմանները, նշյալ երկրների՝ նախապես ստացած վիզա չի պահանջվի: Դիտարկվում են նաև Ուկրաինայից նրանց տարհանման այլ տարբերակների հնարավորություններ:
Կիևում Հայաստանի դեսպանությունը, Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, ինչպես նաև ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում են իրենց աշխատանքները ողջ կազմով։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Բելգիան Ուկրաինային հատկացում է 3 հազար 800 տոննա վառելիք և 2 հազար գնդացիր։ Թվիթերյան գրառմամբ տեղեկացնում է Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոոն։
«Ուկրաինան Բելգիայից վառելիք է խնդրել իր բանակի մատակարարումների համար։ Մեր երկիրը որոշել է և կհատկացնի 3 հազար 800 տոննա վառելիք։ Բելգիան ուկրաինական բանակին կհատկացնի նաև 2 հազար գնդացիր»,- Թվիթերում գրել է Բելգիայի վարչապետը։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստ են միջնորդել Ռուսաստանի հետ բանակցելու և պատերազմը դադարեցնելու գործում: Զելենսկին ողջունել է ադրբեջանցի և թուրք պաշտոնակիցների նախաձեռնությունը և հայտնել է նաև, որ Ադրբեջանը խոստացել է նավթամթերքով օգնել Ուկրաինային:
Ալիևն, իր հերթին, Twitter-ում գրել է, որ Զելենսկին շնորհակալություն է հայտնել հրադադարի հաստատմանն ուղղված ջանքերի և մարդասիրական օգնություն, այդ թվում դեղամիջոցներ Ուկրաինա ուղարկելու համար:
Ըստ Ալիևի՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ուկրաինական կողմի նախաձեռնությամբ:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ամերիկայի Միացյալ Նահանգները պահանջել է այսօր՝ փետրվարի 27-ին, Ուկրաինայի հարցով գումարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ:
Դիմումը պաշտոնապես ներկայացվել է, կանոնակարգի համաձայն՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահը պետք է նիստ նշանակի:
- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
Ռուսական զորքերը մտել են Խարկով, հայտնել է շրջանային պետական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։
«Թեթև տեխնիկայի բեկում է եղել, այդ թվում՝ քաղաքի կենտրոնական հատվածում», - ասել է նա։
Նա քաղաքացիներին հորդորել է մնալ կացարաններում. ՌԴ պաշտպանության նախարարությունը դեռ չի մեկնաբանել տեղեկությունը։
- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
Միացյալ Նահանգները և Եվրամիության երկրները կողմ են Ռուսաստանին SWIFT բանկային համակարգից անջատելուն։ Նախօրեին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն առաջարկել էր ԵՄ-ին փորձել քվեարկել ռուսական «որոշ» բանկերի համակարգից անջատելու, ինչպես նաև Ռուսաստանի Կենտրոնական բանկի ակտիվների սառեցման օգտին։
Նրա խոսքով` այս առաջարկը համաձայնեցվել է ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի և Կանադայի հետ։
- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվում է բելառուսական Գոմելում բանակցելուց: Զելենսկին ասել է` պատրաստ է բանակցությունների «ցանկացած երկրում, որտեղից հրթիռներ չեն թռչում»։