Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը Թբիլիսի այցի շրջանակում հանդիպել են Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի, Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի, ինչպես նաև Պետական եկամուտների ծառայության ղեկավար Իրակլի Բերաիայի հետ, իր ֆոյսբուքյան էջում գրել է Պապոյանը։
Վրացական կողմի հետ ունեցած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Գեզի մաքսային տերմինալից այսօր բաց թողնել հայկական կոնյակով բեռնված 55 բեռնատար ավտոմեքենա, հայտնում է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Պապոյանի փոխանցմամբ՝ ևս 72 մեքենա բաց կթողնվի առաջիկա յոթ օրվա ընթացքում, իսկ դրան կհաջորդի լրացուցիչ 24 մեքենայի բացթողում։
«Միևնույն ժամանակ, հայկական կողմից կապահովի շշալցված կոնյակով բեռնված մեքենաների անխոչընդոտ տրանզիտային ելքը դեպի Վրաստան։ Ձեռք է բերվել նաև պայմանավորվածություն՝ այսուհետ հայկական շշալցված կոնյակի (հայկական բրենդիի) արտահանման գործընթացի կազմակերպման վերաբերյալ՝ փոխադարձ ընդունելի և կանխատեսելի պայմաններով», - նշել է էկոնոմիկայի նախարարը։
Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը և Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը։
Հայ կոնյակագործները ապրիլից բարձրաձայնում են վրացական կողմի ստեղծած բարդությունների ու հայկական կոնյակը երկրի տարածքից բաց չթողնելու, լրացուցիչ փորձաքննությունների պահանջների մասին։
Այս ընթացքում Հայաստանի էկոնոմիկայի նախարարը նախատեսում էր այցելություն Թբիլիսի այս խնդիրների քննարկման համար, որը տեղի չունեցավ, չկայացավ նաև Վրաստանի գյուղատնտեսության նախարարի խոստացած այցելությունը Հայաստան։
Վերջին 2 օրերին հայկական կոնյակի որոշ բեռնատարների բացթողումը Վրաստանի մաքսային պահեստից վերսկսվել է։