Մատչելիության հղումներ

Իսրայելում և Իրանում գիշերը հանգիստ է անցել՝ առաջին անգամ գրեթե երկու շաբաթվա ընթացքում

Լրացված

Իրան - Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողը հսկում է Թեհրանի Իսլամական հեղափոխության հրապարակը, 24-ը հունիսի, 2025թ.
Իրան - Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողը հսկում է Թեհրանի Իսլամական հեղափոխության հրապարակը, 24-ը հունիսի, 2025թ.

Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագիրը «տասնամյակներով» հետ է մղվել այն բանից հետո, երբ ԱՄՆ զինուժի հարվածները ոչնչացրին իրանական միջուկային օբյեկտները: Մինչդեռ ԱՄՆ հարվածների մասին Պենտագոնի նախնական զեկույցը կասկածի տակ է դնում դրանց հաջողությունը։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Դոնալդ Թրամփն ասել է, որ ամերիկյան հարվածներից հետո Իրանն այս պահին այլևս չի ցանկանում ուրան հարստացնել:

«Նրանք ցանկանում են վերականգնվել։ Եվ մենք թույլ չենք տա, որ ուրան հարստացնեն: Ռազմական ճանապարհով թույլ չենք տա: Կարծում եմ՝ ի վերջո որոշակի հարաբերություններ կունենանք Իրանի հետ», - հայտարարել է Թրամփը:

ԱՄՆ պաշտպանության նախարարը վստահեցրել է, որ ամերիկյան հարվածները եղել են անթերի, իսկ իր ղեկավարած Պենտագոնի զեկույցը նախնական է: Ըստ Փիթ Հեգսեթի՝ ցանկացած գնահատական, որն այլ բան է ասում, պարզապես ենթադրություն է, որն արվում է այլ նպատակներով:

«Հաշվի առնելով 30 հազար ֆունտ պայթուցիկ նյութերը և այդ զինամթերքի կարողությունը՝ Ֆորդոյի միջուկային օբյեկտում ավերածություն է եղել», - հայտարարել է Հեգսեթը:

Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցների տրամադրության տակ էր հայտնվել Իրանի երեք միջուկային օբյեկտներին ԱՄՆ հարվածների մասին Պենտագոնի խիստ գաղտնի նախնական գնահատականը, ըստ որի՝ միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչներն ամբողջությամբ չեն ոչնչացվել, ընդամենը ծրագիրը հետ է մղվել «մի քանի ամսով»: Զեկույցում նաև նշվում է, որ վերգետնյա կառույցներին սահմանափակ վնաս է հասցվել, իսկ միջուկային ցենտրիֆուգները հիմնականում մնացել են «անվնաս»:

ԱՄՆ նախագահն ասել էր, թե CNN-ը և The New York Times-ը, որոնք գրել էին Պենտագոնի արտահոսած զեկույցի մասին, կեղծ լուրեր են տարածում՝ փորձելով նսեմացնել «պատմության մեջ ամենահաջողված ռազմական հարվածներից մեկը»։ «Մամուլը շատ անհարգալից է ... այն մեծ հանճարների և հայրենասերների նկատմամբ, որոնք այդ ինքնաթիռները վարել են հսկայական վտանգների միջով», - հայտարարել էր Թրամփը:

Ամերիկացի դեմոկրատ կոնգրեսական Բրեդ Շերմանն, իր հերթին, ասել էր, թե կասկածում է, որ ԱՄՆ-ը լիովին ոչնչացրել է Իրանի միջուկային ծրագիրը: Ըստ նրա՝ Թրամփի վարչակազմի անորոշ ձևակերպումները չեն վկայում, որ ԱՄՆ-ը վերացրել է ուրանի հարստացման համար մեծ նշանակություն ունեցող ցենտրիֆուգները կամ միջուկային պաշարները: Բացի այդ՝ կան արբանյակային լուսանկարներ, որ հարձակումից մի քանի օր առաջ Ֆորդոյի օբյեկտից ավտոմեքենաներով ինչ-որ բան են դուրս բերել, ըստ կոնգրեսականի, հավանաբար՝ միջուկային պաշարները:

«Երբ ասում են միջուկային ծրագիր, ի՞նչ է դա նշանակում։ Նկատի ունեն պաշարնե՞րը, զենքի պատրաստման կարողություննե՞րը, ցենտրիֆուգնե՞րը։ Անորոշ եզրույթները կիրառում են, երբ չեն կարողանում հիմնավոր փաստարկներ բերել կոնկրետ բառերով», - նշել է Շերմանը:

Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացն, իր հերթին, պնդել է, որ բունկերների պայթեցման համար կիրառվող ամերիկյան ռումբերը հաստատ ոչնչացրել են Ֆորդոյի միջուկային ստորգետնյա օբյեկտը: Իսկ մյուս երկու օբյեկտների ոչնչացումը, որոնք վերգետնյա են, առանձնապես դժվարություն չի ներկայացրել. դրանց մինչ այդ հարվածել էր նաև Իսրայելը: Պենտագոնի զեկույցի արտահոսքը պարզապես «դավաճանական քայլ է», ասել է Սթիվ Ուիթքոֆը:

«Ինքնին հասկանալի է, որ նման տեղեկության արտահոսքը … անպատվաբեր է, դա դավաճանական քայլ է։ Այնպես որ, դա պետք է հետաքննվի, և ով էլ դա արել է, ով էլ պատասխանատու է դրա համար, պետք է պատասխանատվության ենթարկվի», - նշել է Ուիթքոֆը:

Այս ֆոնին Իրանի խորհրդարանը քվեարկել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությունը կասեցնելու օգտին։ Ըստ խորհրդարանի խոսնակի՝ պատճառն այն է, որ գործակալությունը հրաժարվել է դատապարտել Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումները Իրանի միջուկային օբյեկտների վրա և «աճուրդի է հանել իր միջազգային հեղինակությունը»։

Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը նշել է, որ համագործակցությունը չի վերականգնվի, մինչև չերաշխավորվի միջուկային օբյեկտների անվտանգությունը։ Իսկ Իրանի միջուկային խաղաղ ծրագիրը կշարունակվի ավելի արագ տեմպերով, ասել է նա։

ԱԷՄԳ ղեկավարը չի բացառել, որ բարձր հարստացված ուրանի մեծ մասը հարձակման առաջին իսկ օրվանից տեղափոխված լինի այլ վայր: Ռաֆայել Գրոսսին Իրանին կոչ է արել վերականգնել լիարժեք համագործակցությունը՝ ասելով, որ իրենց տեսուչների վերադարձը Իրանի միջուկային օբյեկտներ այս պահին թիվ մեկ առաջնահերթությունն է:

Դա, Գրոսսիի խոսքով, հնարավորություն կտա տեղում գնահատել վնասի չափը, հատկապես երբ արդեն հայտնի է, որ միջուկային օբյեկտներից մեկի ներսում հարվածների հետևանքով ռադիոակտիվ նյութի շատ փոքր արտահոսք եղել է:

«Ունենք այն, ինչ ունենք, պետք է աշխատենք և շարունակենք … համագործակցել նրանց հետ։ Այնուհետև կարող ենք գնահատել՝ դա երկո՞ւ ամսվա աշխատանք է, թե՞ երեք», - ընդգծել է ԱԷՄԳ ղեկավարը:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ դեռ շատ վաղ է Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով հասցված վնասի իրատեսական պատկերացում կազմելու համար։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել է, որ վնասի վերաբերյալ Թեհրանի ու Վաշինգտոնի գնահատականները տարբեր են: ԱՄՆ-ը համարում է, որ դրանց զգալի վնաս է պատճառել, Իրանն էլ նշում է, որ նախապես պատրաստված է եղել այդ հարվածներին:

Իրանի արտգործնախարարության խոսնակը սոցցանցում գրել է, որ ամերիկյան հարվածներից միջուկային օբյեկտները լրջորեն վնասվել են:

Իսրայելն էլ հայտարարում է, թե Ֆորդոյի միջուկային օբյեկտը հարվածներից հետո «անգործունակ» է: Իսրայելի ատոմային էներգիայի հանձնաժողովի հայտարարությունում ասվում է, որ «ավերիչ» հարվածը «ոչնչացրել է օբյեկտի կարևորագույն ենթակառուցվածքները». - «Ըստ մեր գնահատականների՝ Իրանի միջուկային օբյեկտներին հասցված ամերիկյան հարվածները, զուգորդված Իրանի ռազմական միջուկային ծրագրի այլ օբյեկտներին իսրայելական հարվածների հետ, մի քանի տարով հետ են մղել Իրանի միջուկային զենք մշակելու կարողությունը»:

Իսրայելի և Իրանի օդային տարածքները դեռ փակ են: Իրանը հայտարարել է, որ այն փակ կմնա մինչև հինգշաբթի: Իսկ այս ընթացքում Իսրայելում և Իրանում մարդիկ աստիճանաբար փորձում են վերադառնալ իրենց առօրյա կյանքին՝ գնահատելով 12-օրյա արյունալի պատերազմի ընթացքում պատճառված վնասը:

Թեհրանի մի բնակիչ պատմում է, որ իրեն զանգահարել էին ու ասել, որ իրենց բնակարանին հրթիռ է հարվածել: Ու երբ եկել է, տեսել է, որ բնակարանի մեծ մասն արդեն չկա. - «Սա մեր ննջասենյակն էր, իսկ այստեղ՝ դստերս սենյակը՝ ամբողջությամբ ավերված է։ Խոհանոցը նույնպես ամբողջությամբ անհետացել է։ Հյուրասենյակի միայն մի մասն է դեռ կանգուն։ Մենք ոչ քաղաքական գործիչներ էինք, ոչ էլ զինվորականներ՝ պարզապես սովորական քաղաքացիներ»։

Մեկ այլ բնակիչ էլ ասում է, որ պարզապես ցանկանում է հանգիստ ապրել իր կյանքը և դեմ է պատերազմին, որը ամենավատ բանն է: Սակայն եթե քեզ վրա հարձակվում են, դու պետք է պատասխանես, ասում է նա. - «Եթե ինչ-որ մեկը հարձակվում է քեզ վրա, դու պետք է հակահարված տաս։ Աշխարհը պետք է շարժվի այն ուղղությամբ, ուր այլևս պատերազմ չկա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG