Մատչելիության հղումներ

«Ինտեր»-ից հետո ես կավարտեմ կարիերաս. Հենրիխ Մխիթարյան


Հենրիխ Մխիթարյան, Բերգամո, Իտալիա, ապրիլ, 2025թ.
Հենրիխ Մխիթարյան, Բերգամո, Իտալիա, ապրիլ, 2025թ.

Իտալական «Ինտեր»-ի կիսապաշտպան, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլային կարիերան կավարտի «Ինտեր»-ում, չի տեղափոխվի ոչ Սաուդյան Արաբիայի որևէ ակումբ, ոչ էլ կխաղա Հայաստանում։ Իտալական հեղինակավոր La Repubblica-ի հետ զրույցում նա խոսել է իր կարիերայի, «Ինտեր»-ի ներկա վիճակի մասին՝ չբացառելով անգամ, որ կարող է քաղաքականություն մտնել։

«Վերջին մրցաշրջանն ինձ համար ամենահոգնեցուցիչն էր, միաժամանակ պայքարում էինք երեք մրցաշարերում։ Դեռ չգիտեմ՝ որքան ժամանակ ունեմ խաղալու, բայց գիտեմ, որ դեռ ուզում եմ խաղադաշտ դուրս գալ։ «Ինտեր»-ի հետ մեկ տարվա պայմանագիր դեռ ունեմ, եթե ինձ չհեռացնեն, կմնամ (ծիծաղում է. - խմբ.)։ Չեմ ուզենա ավարտել կարիերաս, զղջալով, որ շուտ եմ դա արել, այնուհանդերձ, «Ինտեր»-ից հետո ես կդադարեցնեմ ելույթներս, չեմ ուզենա իջեցնել նշաձողը։ Սաուդյան Արաբիայի նման երկրները ինձ հետաքրքիր չեն, ես ֆուտբոլը սիրում եմ խաղի, ոչ թե փողի համար», - ասել է կիսապաշտպանը։

Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո «Ինտեր»-ի նոր գլխավոր մարզիչ նշանակվեց Քրիստիան Կիվուն՝ փոխարինելով անվանի մասնագետ Սիմոնե Ինձագիին։ Ըստ Մխիթարյանի՝ թեպետ երկու մարզիչների մոտեցումները տարբեր են, նրանց գաղափարներն ու փիլիսոփայությունը նույնն են. - «Կիվուն լուրջ ու համակրելի մասնագետ է, հոգեբանորեն ու տակտիկապես նա մեզ աջակցում է»։

Հարցին՝ արդյո"ք կարիերայի ավարտից հետո կմնա ֆուտբոլային աշխարհում, Մխիթարյանը պատասխանել է՝ կցանկանար թողնել ֆուտբոլը, բայց երբեք պետք չէ ասել երբեք։ Ճշտող հարցին՝ գուցե քաղաքականությա՞մբ զբաղվի, պատասխանել է. - «Ես դրա մասին չեմ մտածում, ես կենտրոնացած եմ այսօրվա վրա։ Երբ ավարտեմ կարիերաս, կհասկանամ՝ ուզո՞ւմ եմ մտնել քաղաքականություն, թե՞ ոչ»։

La Repubblica-ին Մխիթարյանն ասել է, որ կարդում է միլիարդատեր Իլոն Մասկի ինքնակենսագրությունը անգլերենով, ինչպես նաև ֆրանսիացի ֆուտբոլիստ Զինեդին Զիդանի ինքնակենսագրականը՝ ֆրանսերենով։



XS
SM
MD
LG