Մատչելիության հղումներ

Բաքվում Արայիկ Հարությունյանին հարցրել են Արցախի բանակի, Գյանջայի, համահայկական հիմնադրամի մասին


Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյան, արխիվ
Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյան, արխիվ

Բաքվում Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ գործով դատական նիստին երեկ հարցաքննվել է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը։

Բաքվում հայ գերիների նկատմամբ դատավարությունները փաստացի բաց չեն. դրանց միջազգային իրավապաշտպաններ, փաստաբաններ ու լրագրողներ ներկա չեն, ռեպորտաժներ է պատրաստում միայն պետական «Ազերթաջ»-ը, որի հաղորդած տեղեկությունները ճշտելու հնարավորություն չկա։

Ըստ «Ազերթաջ»-ի՝ երեկվա դատավարության ընթացքում մասնավորապես Բաքվի զինվորական դատարանը դարձյալ փորձել է «ցուցմունքներ ստանալ Գյանջայի ռմբակոծության» վերաբերյալ։ Ադրբեջանական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ անդրադառնալով հրապարակումներին, թե «Արցախի նախագահը հրամայել է Գյանջա քաղաքը ռմբակոծել», Արայիկ Հարությունյանը հայտարարել է, թե ինքը նման հրաման չի տվել, քանի որ նման լիազորություն չի ունեցել։

Ըստ «Ազերթաջ»-ի՝ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Արցախի բանակը Հայաստանի զինված ուժերի կազմավորում է եղել և անկախ գործելու լիազորություն չի ունեցել, չի ենթարկվել իրենց ու իրենց հրահանգներին, իսկ Արցախի զինված ուժերի զինանոցում բացակայել են «Սմերչ», «Տոչկա-Ու» և այլ ավերիչ զինատեսակներ։

Արայիկ Հարությունյանը, ադրբեջանական պետական լրատվական գործակալության փոխանցմամբ, նաև հաստատել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանի փոխվարչապետներ, նախարարներ և պատգամավորներ են այցելել Արցախ՝ նշելով Արարատ Միրզոյանի, Սուրեն Պապիկյանի անունները։

Ինչ վերաբերում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասին հարցերին, ապա «Ազերթաջ»-ի փոխանցմամբ՝ Հարությունյանն ասել է, թե հիմնադրամը զբաղվել է բարեգործական նախագծերով ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում, որտեղ իրականացրել է ենթակառուցվածքային նախագծեր, կառուցել է դպրոցներ ու մանկապարտեզներ։ Արայիկ Հարությունյանն, ըստ «Ազերթաջ»-ի, ասել է՝ Արցախի բյուջեն ձևավորվում էր Հայաստանի բյուջեից տրամադրված անտոկոս վարկերի հաշվին, սակայն բանակը ֆինանսավորվում էր ոչ թե Արցախի բյուջեից, այլ առանձին, Հայաստանից, և որ բանակի հարցերում իրենց մասնակցություն չեն ունեցել:

Դատավարության ընթացքում հարցեր են եղել նաև Արցախի հարակից շրջանների բնակեցումների մասին, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ի՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ այդ շրջաններում բնակեցրել են Սիրիայից և Լիբանանից եկածներին, նաև այնտեղ է տեղափոխվել Գորիսում ու Կապանում ապրողների մի մասը, քանի որ այնտեղ հնարավորություն է եղել զբաղվել գյուղատնտեսությամբ:

Միջազգային իրավունքի մասնագետ, մարդու իրավունքների հարցերով փորձագետ Արա Ղազարյանը կարծում է՝ այս դատավարությամբ Ադրբեջանը փորձում է Հայաստանին ներկայացնել ագրեսոր:

«Ուզում է դրանով անհավասարության նշան դնել, որ իրականում Արցախի պատերազմը ղեկավարել է Հայաստանը, և Հայաստանն էլ պետք է պատասխանատվությունը կրի», - ասաց նա:

Նա, սակայն, չի կարծում, որ Ադրբեջանը իրավական հայցերով հանդես կգա Հայաստանի դեմ:

Արդյոք Ադրբեջանի կողմից այս դատավարությունների միջոցով ստեղծվող նարատիվները միջազգային հանրության մոտ հաջողություն կունենան, թե ոչ. Արա Ղազարյանը կարծում է՝ ոչ, քանի որ բազմաթիվ հարցեր կան, որ թեև Բաքվի զինվորական դատարանում չեն հնչում, սակայն Ադրբեջանն ի վերջո ստիպված է լինելու դրանց պատասխանել:

Ադրբեջանական բանտերում դեռ 23 հայ է պահվում։ Գերեվարվածների շարքում են արցախցի 8 պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։


Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG