Մատչելիության հղումներ

Անձրևին՝ ցեխի, շոգ եղանակին՝ փոշու մեջ. Գյումրիի «Անի» թաղամասի փողոցների հիմանորոգումը 5 տարի է՝ ձգձգվում է


Գյումրիի «Անի» թաղամասի փողոցների հիմանորոգումը այնքան ձգձգվեց, որ 3 համայնքապետ հասցրեց փոխվել, բայց մինչ օրս թաղի բնակիչները միայն խոստումներ են լսում: Արդեն 5 տարի է թաղամասի բնակիչները անձրևին՝ ցեխի, շոգ եղանակին էլ փոշու մեջ են: Արդեն տեղյակ են, որ այս տարի էլ տեխնիկան թաղամաս չի մտնելու:

Տիկին Մարինեն լվացքը փռում է ու փոշուց պաշտպանելու համար ստիպված նաև պոլիեթիլենով ծածկում:

Թաղամասի բնակիչները վրդովված են, ամեն մեկը փորձում է իր ձևով փոշու դեմ պայքարել: Բնակիչներից ոմանք երբեմն ջրում են փողոցը, բայց դա էլ օգուտ չի տալիս: Ամեն մի տրանսպորտի անցնելուց փոշու հսկայական ամպ է բարձրանում:

«Մաքուր օդ շնչելու համար բակ ենք դուրս գալիս, բայց փոշի ենք շնչում», - սրտնեղում են «Անի» թաղամասի բնակիչները:

Հույսներն արդեն կտրել են, թե արդյոք թաղամասը կասֆալտապատվի: Վարորդներն էլ հոգնել են փոսերը շրջանցելուց:

Հինգ տարի առաջ՝ 2020-ին ազդարարվեց, որ ՎԶԵԲ-ի վարկային միջոցներից 4 մլն եվրո կհատկացվի «Անի» ու «Ավստրիական» թաղամասերի փողոցների հիմնանորոգման համար: Բայց քանի որ թաղամասի ջրագծերը փոխելու ծրագիր կար KFW բանկի վարկային միջոցներից, որոշվեց, որ ջրագծերը փոխեն, նոր ասֆալտապատվեն:

Մի քանի տարի ձգձգումները կապեցին ջրագծերի փոփոխմամբ, ու թեև մոտ մեկ տարի է փոխարինման աշխատանքները գրեթե ավարտված են, բայց պարզվում է շինարարությունն այս տարի էլ չի մեկնարկի: Ավագանու վերջին նիստի «Մեր քաղաքը» դաշինքի ղեկավար Լիզա Գասպարյանը հարցը բարձրաձայնեց ու պարզվեց որ դեռ նախագիծ էլ չկա:

Քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետ Անդրանիկ Չադրյանն ասաց՝ նախագծողների միջազգային մրցույթ է հայտարարած, որի ավարտին կհաջորդի արդեն շինարարի միջազգային մրցույթը: Արդեն խոսվում է, թե հաջորդ տարի գարնան է հնարավոր, որ շինարարությունը մեկնարկի: Այնինչ կոմունալ բաժնի հստակ ժամկետ չկարողացավ նշել:

ՎԶԵԲ-ի այս ծրագրով նախատեսվում է ընդհանուր 37 փողոց նորոգել ու լուսավորության ցանց անցկացնել:





XS
SM
MD
LG