«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խոր մտահոգություն է արտահայտում Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և իր համախոհների նկատմամբ այսօր իրավապահ մարմինների ձեռնարկած գործողությունների և նրանց մեղսագրվող ծանր մեղադրանքների կապակցությամբ», - նշված է Գերագույն հոգևոր խորհուրդի (ԳՀԽ) տարածած հայտարարությաունում։
«Իրավական գործընթացի նկատմամբ վստահություն չի ներշնչում այն հանգամանքը, որ սկզբից ևեթ ՀՀ վարչապետը և իշխող կուսակցության տարբեր ներկայացուցիչներ ակնհայտ քաղաքական նկատառումներով տարաբնույթ հրապարակումների միջոցով փորձում են ուղղորդել իրավապահ մարմիններին», - նշել է ԳՀԽ-ն։
Գերագույն հոգևոր խորհուրդը հատապարտելի է համարում նաև «հիշյալ գործընթացը Եկեղեցու հետ արհեստականորեն կապակցելու և Մայր Աթոռի անունը շահարկելու դիտավորությունը, ինչն ամբողջապես տեղավորվում է իշխանությունների նախաձեռնած հակաեկեղեցական արշավի համատեքստում»։
Մայր Աթոռն, ըստ հաղորդագրության, օրինական բոլոր միջոցներով հետամուտ է լինելու գործի արդարացի ընթացքին և հորդորում է պատկան մարմիններին չտրվել քաղաքական շահարկումներին, առաջնորդվել ՀՀ Սահմանադրության և օրենքների պահանջներով՝ հարգելով անմեղության կանխավարկածի սկզբունքը։
Մայր Աթոռի հայտարարությանը արձագանքում են իշխանական կուսակցության անդամներն իրենց ֆեյսբուքյան էջերում:
Պատգամավոր Վահագն Ալեքսանյանը մասնավորապես, գրել է - «Եթե մինչ այս Կտրիճին [Ամենայն հայոց կաթողիկոսի աշխարհիկ անունը] պետք էր դուրս հրավիրել Վեհարանից, ապա տեռորիստներին աջակցող հայտարարությունից հետո պետք է դուրս ՇՊՐՏԵԼ»:
Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ գրել է. - «Այսպիսով, Գերագույն հոգևոր խորհուրդը,Կտրիճ Ներսիսյանի գլխավորությամբ, նույնպես միացավ մարդկանց գյուլլողների ու ավտոբուսներ վառողների պաշտպանության արշավին»:
Նմանատիպ գրառումներ կան նաև այլ ՔՊ-ականների էջերում:
Բագրատ սրբազանի կեցավայրում վաղ առավոտից սկսած և ժամեր տևած խուզարկությունից հետո Ազգային անվտանգության ծառայության դիմակավորված աշխատակիցները ձերբակալեցին «Սրբազան պայքար» շարժման առաջնորդին: Ավելի ուշ նրան մեղադրանք ներկայացվեց 2 հոդվածներով՝ ահաբեկչություն և իշխանության յուրացում:
Մինչև Բագրատ սրբազանին ձերբակալելը, Քննչական կոմիտեն այսօր վաղ առավոտյան հայտարարություն տարածեց, պնդելով, թե՝ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին Հայաստանում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»: