Մատչելիության հղումներ

Օր 8-րդ. Իսրայել-Իրան հակամարտությունը շարունակվում է

Իրանն ու Իսրայելը շարունակում են փոխադարձ հարվածները, որոնք սպառնում են ողջ տարածաշրջանը ներքաշել լայնածավալ պատերազմի մեջ:

Ութերորդ օրն է՝ Իրանն ու Իսրայելը փոխադարձ հարվածներ են հասցնում՝թիրախավորելով ոչ միայն ռազմական օբյեկտները, այլև բնակելի շենքեր ու շինություններ։

Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի ղեկավարության փոփոխությունը կամ անկումը Իսրայելի հարձակումների նպատակներից չէ, սակայն կարող է լինել դրանց հետևանք։

ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության առաքելությունը կտրականապես հերքել է պնդումը, թե հարվածել են իսրայելական հիվանդանոցին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնում է, որ գիշերը Իրանից Իսրայելի ուղղությամբ արձակված չորս անօդաչու թռչող սարք են որսացել։


19:33 20.6.2025

Շվեյցարական Ժնևում մեկնարկել է Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարների հանդիպումը Իրանի արտգործնախարարի հետ՝ Իսրայելի և Իրանի միջև պատերազմին վերջ դնելու ջանքերի շրջանակներում։

Այս հանդիպումից առաջ Իրանի դիվանագիտության ղեկավար Աբբաս Արաղչին պնդել է, որ Թեհրանը «քննարկելու ոչինչ չունի» Միացյալ Նահանգների հետ, քանի դեռ Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Իրանին։ Իրանցի պաշտոնյան միաժամանակ հավելել է, որ բաց են «երկխոսության» համար այլոց հետ։

16:13 20.6.2025

Եվրոպական երկրները հույսեր են կապում Ժնևում Իրանի արտգործնախարարի մասնակցությամբ բանակցությունների հետ՝ մասնավորապես պատերազմը դադարեցնելու հարցով, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը։

Նրա խոսքով՝ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն իրանցի պաշտոնակցին կհանդիպի՝ «բանակցությունների համար ամբողջական դիվանագիտական և տեխնիկական առաջարկ անելու»։

14:22 20.6.2025

Իսրայելի պաշտպանության նախարարը ուրբաթ օրը հայտարարել է, որ զինվորականներին հրահանգել է ակտիվացնել Իրանի մայրաքաղաք Թեհրանում գտնվող կառավարական կառույցների վրա հարձակումները:

«Մենք պետք է հարվածենք ռեժիմի բոլոր խորհրդանիշներին և բնակչության ճնշման մեխանիզմներին, ինչպիսին է Բասիջը (ժողովրդական աշխարհազորայիններ), և ռեժիմի իշխանության հենարանին, ինչպիսին է Հեղափոխության պահապանների կորպուսը», - ասված է Իսրայել Կացի հայտարարության մեջ։

10:48 20.6.2025

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը զգուշացնում է «Հեզբոլա»-ի առաջնորդ Նայիմ Քասեմին զգույշ լինել այն բանից հետո, երբ նա երեկ հայտարարեց, որ իրենց խումբը «կգործի այնպես, ինչպես մենք ենք համարում նպատակահարմար»՝ ի պատասխան Իսրայելի և Իրանի միջև պատերազմի։

«Հեզբոլա»-ի առաջնորդը չի սովորել իր նախորդներից և սպառնում է գործել Իսրայելի դեմ», - Time of Israel-ի փոխանցմամբ՝ ասել է Իսրայելի պաշտպանության նախարարը:

Ընդգծելով, որ «Իսրայելը կորցրել է համբերությունը իրեն սպառնացող ահաբեկիչների նկատմամբ», Կացը՝ զգուշացրել է. «Եթե ահաբեկչություն լինի, «Հեզբոլա» չի լինի»։

09:44 20.6.2025


Իրանը հայտարարել է Հայֆա և Թել Ավիվ քաղաքներում Իսրայելի ռազմական արդյունաբերության հետ կապված օբյեկտների դեմ համատեղ հրթիռային և անօդաչու սարքերի հարձակումների նոր փուլի մեկնարկի մասին։

09:03 20.6.2025

Վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի ղեկավարության փոփոխությունը կամ անկումը Իսրայելի հարձակումների նպատակներից չէ, սակայն կարող է լինել դրանց հետևանք։

«Իրանի ռեժիմի փոփոխության կամ նրա անկման հարցը, նախ և առաջ, Իրանի ժողովրդի գործն է։ Դրա փոխարեն ոչինչ գոյություն չունի։ Այդ իսկ պատճառով ես դա չեմ ներկայացրել որպես նպատակ։ Դա կարող է լինել հետևանք, բայց դա մեր հստակ կամ պաշտոնական նպատակներից չէ», - ասել է Նեթանյահուն Իսրայելի «Կան» հանրային հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ Իսրայելը ունի բոլոր անհրաժեշտ հնարավորությունները՝ ոչնչացնելու Իրանի ամբողջ միջուկային ենթակառուցվածքը, անկախ նրանից, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կցանկանա մասնակցել այդ գործողությանը, թե՝ ոչ։

09:03 20.6.2025

Իրանական բալիստիկ հրթիռը հարվածել է Բեր Շևային՝ պատճառելով վնասներ, հայտնում է Times of Israel-ը:

Ըստ լրատվամիջոցի՝ կա հինգ վիրավոր։

Բեր Շևայում իրանական հրթիռների հարվածի հետևանքով հրդեհներ են բռնկվել: Այրվել են մեքենաներ, վնաս են նաև մոտակա տները։

Իսրայելի պաշտպանության բանակն էլ հայտնում է, որ գիշերը Իրանից Իսրայելի ուղղությամբ արձակված չորս անօդաչու թռչող սարքեր են որսացել։

Մեկը խոցվել է Հայֆայի երկնքում, իսկ մյուս երեքը՝ Մեռյալ ծովի տարածքում։

Իսրայելի պաշտպանության բանակը հրապարակել է որոշ որսացող սարքերի կադրեր։

09:02 20.6.2025

ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության առաքելությունը կտրականապես հերքել է պնդումը, թե հարվածել են իսրայելական հիվանդանոցին, հայտնում է Mehr գործակալությունը։

«Իրանն ամբողջությամբ հերքում է սիոնիստների կեղծ պնդումը՝ հիվանդանոցի թիրախավորման մասին», – ասվում է առաքելության հայտարարությունում։

Իրանի Իսլամական Հանրապետության ՄԱԿ-ում առաքելությունը նշել է՝ «Իրանի ինքնապաշտպանական միջոցառումները ճշգրիտ են և լիովին համահունչ են միջազգային իրավունքին՝ ուղղված միայն այն օբյեկտների դեմ, որոնք ուղղակիորեն մասնակցել կամ աջակցել են սիոնիստական ռեժիմի ապօրինի ագրեսիային»։

XS
SM
MD
LG