- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Եվրոպական առաջնորդները «բարբարոսական» են համարում Ռուսաստանի հարձակումը։ Եվրամիությունը կշարունակի աջակցել Ուկրաինային և նրա ժողովրդին, ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ տեղեկացնելով՝ այսօր եվրոպական առաջնորդների հաստատմանը կներկայացնեն զանգվածային և նպատակային պատժամիջոցների փաթեթ։
«Սա Եվրոպայի ամենամռայլ ժամերն են երկրորդ համաշխարհային պատերազմից հետո», - հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով հանձնակատար Ժոզեպ Բորելը՝ նշելով․ - «Սա ոչ միյան միջազգային իրավունքի ամենամեծ խախտումն է, այլև մարդկային համակեցության հիմնարար սկզբունքների խախտում»։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
«Նովայա գազետա» թերթի գլխավոր խմբագիր, Նոբելյան խաղաղության մրցանակակիր Դմիտրի Մուրատովը իր ձայնն է բարձրացրել ընդդեմ Ուկրաինայի դեմ պատերազմի։
«Նովայա գազետայի» այս համարը մենք կթողարկենք երկու լեզուներով՝ որովհետև մենք երբեք Ուկրաինան թշնամի չենք ճանաչի, իսկ ուկրաներենը՝ թշանամու լեզու», - ասել է նա իր տեսաելույթում։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր ասել է, որ բելառուսական զորքեր Ուկրաինայում չկան, բայց եթե կարիք լինի, եթե անհրաժեշտ լինի Բելառուսին և Ռուսաստանին, նրանք կլինեն այնտեղ։
Պատերազմի համար Լուկաշենկոն մեղադրել է Ուկրաինային։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը Գերմանիայից պաշտպանական զենք է խնդրել Ուկրաինայի համար։
Դեսպանը դիմել է Գերմանիայի հասարակությանը՝ խնդրելով օգնել համոզելու կառավարությանը օգնել ուկրաինացիներին այս դրամատիկ ժամերին ու օրերին «ոչ միայն համերաշխության խոսքերով, այլև համարձակ արարքներով ու անհապաղ աջակցությամբ»։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան անվտանգության խորհրդի նիստից հետո ասել է, որ Չեխիան փակում է Ռուսաստանի երկու հյուպատոսությունները, իսկ իր դեսպաններին ու դիվանագետներին հետ է կանչում Ռուսաստանից ու Բելառուսից։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ահազանգում է, որ ռուսաստանցի զինվորականները փորձում են գրավել Չեռնոբիլի ատոմակայանը։
«Մեր պաշտպանները իրենց կյանքն են զոհում, որպեսզի չկրկնվի 1986 թվականի ողբերգությունը։ Ես այդ մասին տեղեկացրել եմ Շվեդիայի վարչապետին։ Սա պատերազմ է ամբողջ Եվրոպայի դեմ»,- Թվիթերում գրել է Զելենսկին։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Դոնբասում ռազմական գործողության ժամանակ ռուսական օդուժը Су-25 ռազմական օդանավ է կորցրել։
Ռուսաստանի ՊՆ նախարարության մամուլի խոսնակ Իգոր Կոնաշենկովը հաստատել է լուրը, ասելով, թե Су-25-ը վթարի է ենթարկվել օդաչուի սխալի պատճառով։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Փետրվարի 24-ի երեկոյան Ուկրաինայի էներգետիկայի նախարարը հայտնեց, որ ռուսական զորքերը գրավել են Կախովկայի էլեկտրակայանը։
Կախովկան գտնվում է Ղրիմից հյուսիս ընկած Դնեպրի ափին՝ Խերսոնից ոչ հեռու։ Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել նաև Խերսոնի մոտ Դնեպրի վրա ընկած կամուրջը։