«Այս պահին հրադադարի կամ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ «համաձայնություն» չկա», - հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի և Իսրայելի ռեժիմի միջև հրադադարի վերաբերյալ արված պնդումներին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի և Իսրայելի միջև հրադադարի մասին: Նրա խոսքով՝ համաձայնագիրը ուժի մեջ կմտնի առաջիկա ժամերին, երբ երկու կողմերն էլ ավարտեն նախկինում սկսված ռազմական գործողությունները։
Իսրայելի պաշտպանության ուժերի խոսնակն էլ հրաժարվել է մեկնաբանել հունիսի 24-ի առավոտյան հրադադարի մասին հաղորդագրությունները։
Հունիսի 24-ի առավոտյան Իրանը կրկին հրթիռներ է արձակել Իսրայելի վրա։ Բեեր Շևայում իրանական բալիստիկ հրթիռի հարվածի հետևանքով երեք մարզդ զոհվել է, հայտնում է Time of Israel-ը։
Երկու տղամարդ տեղափոխվել են հիվանդանոց միջին ծանրության վիճակում, իսկ ևս վեց մարդ բուժօգնություն է ստանում դեպքի վայրում՝ լավ վիճակում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը Քաթարում գտնվող ռազմաբազայի ուղղությամբ հրթիռներ արձակելուց առաջ տեղեկացրել է Միացյալ Նահանգներին, ինչի շնորհիվ մարդկային կորուստներ չեն գրանցվել։
«Ես ուրախ եմ հայտնել, որ ոչ մի ամերիկացի չի տուժել, և գրեթե որևէ վնաս չի պատճառվել։ Հուսով եմ, այլևս ատելություն չի լինի», - գրել է Թրամփը՝ հավելելով, - «հնարավոր է՝ Իրանը հիմա կարողանա առաջ շարժվել դեպի խաղաղություն, և ես ոգևորությամբ կխրախուսեմ Իսրայելին անել նույնը»:
«Իրանը պաշտոնապես շատ թույլ արձագանք տվեց մեր կողմից միջուկային օբյեկտների ոչնչացմանը», - գրել է ԱՄՆ նախագահը: