Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ հրամայել է զինված ուժերին արձագանքել, ինչպես ինքն է ձևակերպել, «Իրանի կողմից հրադադարի համաձայնագրի խախտմանը»։
«Հաշվի առնելով Միացյալ Նահանգների նախագահի կողմից հայտարարված հրադադարի ակնհայտ խախտումը՝ Իսրայելի ուղղությամբ հրթիռներ արձակելու միջոցով, և համաձայն Իսրայելի կառավարության՝ ցանկացած խախտման ուժային արձագանքելու քաղաքականության, ես հրամայել եմ [Իսրայելի պաշտպանության ուժերին]... շարունակել Թեհրանում ռեժիմի օբյեկտների և ահաբեկչական ենթակառուցվածքների դեմ ուղղված բարձր ինտենսիվության գործողությունները», - Telegram-ում գրել է Իսրայել Կացը։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարում է Իրանի կողմից բալիստիկ հրթիռների արձակման մասին, տեղեկացնում է Time of Israel-ը։
Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Իսրայելը հայտարարել է, որ համաձայնվել է Իրանի հետ երկկողմ հրադադարի ԱՄՆ առաջարկին։
Պաշտպանության նախարար Իսրայել Կացը նշել է, որ ինքը հրահանգել է Իսրայելի պաշտպանության բանակին «ուժեղ արձագանքել Իրանի կողմից հրադադարի խախտմանը»։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ողջունել է հրադադարի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը:
«Եթե այս հրադադարը հաջողվի Իրանի միջուկային օբյեկտների դեմ ԱՄՆ-ի վճռական ռազմական հարվածներից հետո, դա շատ դրական զարգացում կլինի», - X-ի իր էջում գրել է Մերցը։
Իսրայելը հաստատում է՝ համաձայնել է Իրանի հետ երկկողմ հրադադարի ԱՄՆ առաջարկին
Իսրայելը հաստատում է, որ համաձայնել է Իրանի հետ երկկողմ հրադադարի ԱՄՆ առաջարկին, բայց «ուժեղ կարձագանքի» հրադադարի ցանկացած խախտման։
Time of Israel-ի փոխանցմամբ՝ վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարության մեջ նշում է, որ վարչապետը հանդիպել է պաշտպանության նախարարի, Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետի և Մոսադի ղեկավարի հետ՝ «տեղեկացնելու համար, որ Իսրայելը հասել է «Առյուծի վերելք» գործողության բոլոր նպատակներին և շատ ավելին»։
«Իսրայելը վերացրել է կրկնակի անմիջական գոյության սպառնալիքը՝ թե՛ միջուկային, թե՛ բալիստիկ հրթիռների ոլորտներում», - ասվում է հայտարարության մեջ։
Իսրայելը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին «ցուցաբերած աջակցության և իրանական միջուկային սպառնալիքի վերացմանը մասնակցության համար»:
«Գործողության նպատակների իրականացման լույսի ներքո և նախագահ Թրամփի հետ լիովին համաձայնեցված՝ Իսրայելը համաձայնել է նախագահի երկկողմ հրադադարի առաջարկին», - ասվում է վարչապետի հայտարարությունում՝ հավելելով, որ Իսրայելը «ուժեղ կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման»։
«Հրադադարն այժմ ուժի մեջ է։ Խնդրում եմ չխախտել այն», - Truth social հարթակում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Այս պահին հրադադարի կամ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ «համաձայնություն» չկա», - հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի և Իսրայելի ռեժիմի միջև հրադադարի վերաբերյալ արված պնդումներին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի և Իսրայելի միջև հրադադարի մասին: Նրա խոսքով՝ համաձայնագիրը ուժի մեջ կմտնի առաջիկա ժամերին, երբ երկու կողմերն էլ ավարտեն նախկինում սկսված ռազմական գործողությունները։
Իսրայելի պաշտպանության ուժերի խոսնակն էլ հրաժարվել է մեկնաբանել հունիսի 24-ի առավոտյան հրադադարի մասին հաղորդագրությունները։
Հունիսի 24-ի առավոտյան Իրանը կրկին հրթիռներ է արձակել Իսրայելի վրա։ Բեեր Շևայում իրանական բալիստիկ հրթիռի հարվածի հետևանքով երեք մարզդ զոհվել է, հայտնում է Time of Israel-ը։
Երկու տղամարդ տեղափոխվել են հիվանդանոց միջին ծանրության վիճակում, իսկ ևս վեց մարդ բուժօգնություն է ստանում դեպքի վայրում՝ լավ վիճակում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը Քաթարում գտնվող ռազմաբազայի ուղղությամբ հրթիռներ արձակելուց առաջ տեղեկացրել է Միացյալ Նահանգներին, ինչի շնորհիվ մարդկային կորուստներ չեն գրանցվել։
«Ես ուրախ եմ հայտնել, որ ոչ մի ամերիկացի չի տուժել, և գրեթե որևէ վնաս չի պատճառվել։ Հուսով եմ, այլևս ատելություն չի լինի», - գրել է Թրամփը՝ հավելելով, - «հնարավոր է՝ Իրանը հիմա կարողանա առաջ շարժվել դեպի խաղաղություն, և ես ոգևորությամբ կխրախուսեմ Իսրայելին անել նույնը»:
«Իրանը պաշտոնապես շատ թույլ արձագանք տվեց մեր կողմից միջուկային օբյեկտների ոչնչացմանը», - գրել է ԱՄՆ նախագահը: